Գնիշիկաձորի հնագիտական համալիրի պեղումները

04.09.2019

Գնիշիկաձորի հնագիտական համալիրի պեղումները


Գնիշիկաձորի հնագիտական համալիրի պեղումները պայմանավորված են այստեղ գտնվող խաղողի երբեմնի այգիների և դրանցում պահպանված շինությունների հետքերի առկայությամբ: 2015 թ. սկսված պեղումների նպատակն էր բացահայտելու այդ շինությունների գործառույթը, արտադրական նշանակությունը (հնձան, ջրաղաց, մառան և այլն) և ժամանակը: 2015-2019 թթ. շուրջ 500 քմ տարածքում բացահայտվեցին հուշարձանի բնակեցման տարբեր փուլերին ու շինարարական հորիզոններին պատկանող կառույցների հետքեր, ուշ էնեոլիթյան, միջինբրոնզիդարյան, զարգացած միջնադարի և ուշ միջնադարյան դարաշրջանների նյութեր: Պեղավայրի կենտրոնական հատվածում գտնվող անկանոն ձվածիր ուրվագիծ ունեցող հատակագծով հիմնական շինությանը հյուսիս-արևելքից և հարավ-արևմուտքից միանում են քառանկյուն հատակագծով կցակառույցներ: Հուշարձանի ողջ կոմպոզիցիան ձևավորվել է վերևից գլորված մի հսկայական ժայռաբեկորի շուրջը և, ըստ հայտնաբերված խեցեղենի (հիմնականում XIII - XIV  դդ.), այն պատկանում է զարգացած միջնադարին: Պեղումները ցույց են տալիս, որ կառույցը հետագայում, նաև ուշ միջնադարում, ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Հիմնական շինության հարավային և հյուսիսային պատերի կառուցման ընթացքում խաթարվել են քարախճային լիցք ունեցող դամբանաթմբեր հիշեցնող երեք կառույցներ, որոնցից երկուսի կենտրոնում նշմարելի են թաղման խցերը: Պեղավայրի ծայր հարավային կողմում առկա են պատերի խաթարված հետքեր ու կավակերտ օջախի մնացորդներ, որոնց շրջակայքից հայտնաբերվել են Արենի-1 քարայրին բնորոշ ուշ էնեոլիթի հարդախառն խեցեղենի բեկորներ, քարե հղկված առարկաներ (ջարդիչներ, ծեծիչներ, տրորիչներ), կայծքարի հումքի «գանձ», բեկոտման եղանակով ստացված իրեր, ոսկրե հերուն և արտադրական թափոններ: Չնայած հետագա դարաշրջանների կառույցները գրեթե ոչնչացրել են հուշարձանի վաղագույն շերտը, Գնիշիկաձորի համալիրում գործ ունենք բազմափուլ հնագիտական մի հուշարձանի հետ, որի բնակեցման սկզբնական փուլը, որպես փոքր բնակատեղի կամ կայան, վերաբերում է ուշ էնեոլիթին (Ք.ա. IV հազարամյակի սկիզբ): Հուշարձանի վաղագույն բնակիչներն, ըստ հայտնաբերված նյութերի և տեղազննության, ամենայն հավանականությամբ, ընտելացրել են Գնիշիկ գետի հովտում աճող վայրի խաղողը և զբաղվել դրա մշակությամբ: Միջին բրոնզի դարում տարածքն օգտագործվել է որպես դամբարանադաշտ: Նման ենթադրության համար հիմք են դարձել նաև պեղումներով հայտնաբերված` Ք.ա. XVIII - XVII դդ. բնորոշ խեցեղենի բեկորները: Զարգացած միջնադարում (XIII - XIV դդ.) այստեղ եղել է մի քանի բաժիններից բաղկացած շինություն, որի օգտագործումն ունեցել է սեզոնային բնույթ` որպես ամառանոց և այգեգործական կացարան ու բերքի վերամշակման արտադրական կառույց: Նկատի ունենալով Սմբատ Օրբելյան իշխանի` Նորավանքի ս. Ստեփանոս եկեղեցու գավթի 1261 թ. նվիրատվական արձանագրությունը, ենթադրվում է, որ այնտեղ հիշատակված այգին գտնվել է Գնիշիկաձորի սույն հուշարձանի տարածքում: Աշխարհագրական դիրքը և «Մետաքսի ճանապարհին» գտնվելու հանգամանքը նպաստել են Գնիշիկաձորի քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, որի նորհիվ իրացվել են նաև խաղողի բերքը և գինին, որոնք վաճառվել ու փոխանակվել են: Դրա վկայությունը պետք է համարել XIV դ. սկզբի Իլխանության շրջանի արծաթե դրամի և քաշանյան (Իրան) ջնարակապատ թասի բեկորները: Ուշ միջնադարում (XVI - XVIII դդ.) համալիրը պահպանվել էր մասնակիորեն` ծառայելով որպես այգեգործական շինություն և որսորդական կայան: Հուշարձանի պեղումները շարունակվելու են նաև հետագայում` նպատակ ունենալով բացահայտելու Գնիշիկաձորի դեռևս մեզ անհայտ բազմաթիվ գաղտնիքներ:



Նվիրաբերել